Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԱՍՏՎԱԾ ԾԱՂՐ ՉԸԼԼԱՐ»

«ԱՍՏՎԱԾ ԾԱՂՐ ՉԸԼԼԱՐ»
04.03.2011 | 00:00

2007 թվականի մարտի 9-ին ՌԱՀՀԿ-ում կազմակերպվել էր մայիսին ընթանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող քննարկում: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ամերիկյան հետկոմունիստական փորձագետների էր հրավիրել, որպեսզի վերջիններս լուսավորեն հայ «անփորձներին» (հիմնականում ընդդիմադիրր դաշտը ներկայացնող), թե ընտրությունների ժամանակ ինչ անեն, ումով անեն:
Հրավիրյալներն էին Վալերի Բանսը և Շարոն Վոլչիկը: Դե ո՞նց է լինում. փորձված, ոչինչ չասող ժպիտով անդրօվկիանոսցիները «թրենինգ» են անում մերոնց, «օքեյ» ասում, գնում իրենց տուն:
Այդ օրը, թրենինգվող հայ փորձագետներից (ասին՝ ընդդիմադիր) մեկը չի դիմացել ընտրությունների «տեխնոլոգիաների» նրբությունների մասին իրենց դաս տվող ամերիկացիքի «հմայքին» ու հարցրել է. իսկ եթե այնպես լինի, որ Հայաստանում մայիսին ընտրություններն անցնեն լեգիտիմ ու նորմալ, այդ ժամանա՞կ ինչ է լինելու: Ճակատային հարցն անակնկալի է բերել ամերիկյան փորձագետուհուն, վերջինս էլ նույնքան ճակատային «պրոսպուսկատ» է արել. «Միևնույն է, դուք պետք է ասեք, որ այդ ընտրությունները լեգիտիմ չեն, արդար չեն»:
Ա՜յ քեզ «ծակվել», շշնջացել է հարց տվողը: «Ծակվելն» էն բառը չէ», արձագանքել է քիչ այն կողմ նստած Լևոն Բարխուդարյանը:
Հա, ի դեպ. փորձագիտական սույն ժողովը վարել էր անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցնում եք՝ ինչու ենք այս հին դարմանն այսօր քամո՞ւն տալիս: Դե չէ՛, ո՛չ նրա համար, թե ինչ բանի են օտար «փորձագետները» հետխորհրդային և մնացած երկրներում: Մասլահաթը միտս ընկավ, երբ նախորդ օրը շղթայական ռեակցիայով Մարի Յովանովիչը դասախոսություն էր կարդում մեր համալսարանում՝ սարերը շարժվելու մասին, ու այդ պահին, նրանից շատ հեռու, պառլամենտում նստած Րաֆֆի Հովհաննիսյանն ինչքան արագ ու անվրեպ՝ տելեպատիկ ու ինտուիտիվ նրբագեղությամբ զգաց, որ, այո, սարերը շարժվում են, որ ընկնեն ծովը, ու ինքն էլ սարերի հանգույն վեր կացավ ու ասաց. «Յա՛խկ, էս ի՜նչ վատ պառլամենտ է, առեք կերեք «Ժառանգության» մանդատները»:
Չէ՜, չենք մեկնելու ամերիկյան մանանեխի չափ հավատքի տեխնոլոգիական «պրիտչը», որը շարժել է տալիս սարերն ու մարդկանց: Չենք հարցնելու, եթե այնպես լինի, ու մեզանում, իրոք, սոցցանցային հեղափոխություն լինի, այն լինելու է սպիտակ մեխակների՞, ինչպիսիք Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքում էին մարտի 1-ին, թե՞ մեր հեղափոխությունն այլ անուն է ունենալու:
Կանգ ենք առնելու բոլորովին այլ հանգամանքի վրա. մեր շատ սիրելի Րաֆֆին, որը 1915 թ. զոհերի մի ահռելի փաղանգ ունի երկնքում (հատուկ խոնարհում նրա նախնիներին), ո՞նց է պառլամենտական մանդատի հաշվով ասում՝ «Առեք ու կերեք այն»՝ համեմատության մեջ դնելով Սուրբ Պատարագի ժամանակ հնչող Դավթի սաղմոսի՝ «Առեք կերեք՝ այս է մարմինն իմ», փրկչական խորհրդի՝ գինու ու հացի, Հիսուսի (մեղա Աստծու) մարմնի ու արյան հետ:
Ով-ով՝ պառլամենտում, բայց Րաֆֆին անպայմանորեն պիտի որ իմանար՝ «Աստված ծաղր չըլլար», և սրբությունն անսրբությանը (այն էլ ի՜նչ անսրբությանը) խառնելը, անանցն անցավորի հետ բաղդատելը ի՜նչ ռեզոնանսի կարող է տանել իրեն ու իր հետ շաղկապված բոլորիս:
Արժե մտածել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ